Քառօրյա պատերազմի վերաբերյալ միջազգային հետաքննությունը կզսպի Ադրբեջանի ագրեսիան. Ստեփան Սաֆարյան
Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի կողմից Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմից հետո չնախաձեռնած քայլերը մտահոգիչ են: Լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո կլիներ միանգամայն այլ պատկեր, եթե կատարվեին համապատասխան քայլեր:
«Մենք այնքան անպատիժ թողեցինք, որ նույնիսկ Վիեննայից հետո Ադրբեջանում սկսեցին նախագահի մակարդակով հայտարարել, որ մեզ մինչև հունիս ժամանակ է տրված, ու եթե հունիսից չսկսվի հակամարտության խաղաղ կարգավորման փուլային տարբերակ, ինչպես Ադրբեջանն է ուզում, ասում են, թե մեզանից չնեղանաք»,- ասաց նա:
Սաֆարյանի խոսքով՝ ԼՂ նկատմամբ տեղի էր ունեցել ռազմական ագրեսիա, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ Թալիշում` զինծառայողների խոշտանգված մարմինների տեսքով, որոնք պատիժ են ենթադրում: «Բայց մեզ սկսեցին համոզել, թե ոչինչ որ ձեր դեմ պատերազմ է եղել, բայց դուք շարունակեք բանակցել: Թղթի վրա երկու որոշում կայացվեց, ասեցին, թե բավարարվեք դրանցով ու սկսենք բանակցությունները, բայց դրանք մնացին թղթի վրա: Խոսքը՝ հետաքննության մեխանիզմի, մոնիթորինգի իրականացման մասին է»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
ՄԱՀՀԻ քաղաքագետը նկատեց՝ իր համար անհասկանալի է, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմելո՞ւ է միջազգային իրավունքի խախտման հարցով:
«Մեզ պետք էր արագ, մի քանի ամիսների ընթացքում միջազգային կառույցներում ունենալ զեկույցներ՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, որն Ադրբեջանի վրա զսպող, շրջանակող ազդեցություն կունենար»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ գործըթնացը երբեմն ավելի կարևոր է, քան արդյունքը: