ՀՀ-ն պաշտոնապես դիմել է քառօրյա պատերազմի շուրջ միջազգային հետաքննություն սկսելու պահանջով. Գաբրիել Բալայան
Հայաստանից ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին քառօրյա պատերազմից հետո նամակներ են գրվել, որոնց նպատակը ապրիլյան պատերազմի շուրջ հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծումն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան Գաբրիել Բալայանը:
«Մի քանի գերատեսչություններում ստեղծվել էին փաստահավաք խմբեր, որոնք, միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգերը հաշվի առնելով, փորձում էին ի մի բերել կատարվածը: Ամսի երկուսին ես ինքս մասնակցել եմ Պաշտպանության նախարարության կողմից ստեղծված խմբի աշխատանքներին: Գնացել եմ Ղարաբաղ, Մարտակերտ, այդտեղից եմ սկսել աշխատել: Հետո, իմ ունեցած տեղեկություններով, բոլոր գերատեսչությունների կատարած աշխատանքները ամփոփվել են նախագահական նստավայրում, որոնք դիվանագիտական խողովակներով հասցվել են համապատասխան վայրեր»,- մասնավորեցրեց Գաբրիել Բալայանը:
Իրավաբանը նշեց, որ Հայաստանը չի ուզում հանդես գալ որպես Ղարաբաղը ներկայացնող կողմ, ուստի, հաշվի առնելով, որ Ղարաբաղն առանձին կողմ է, իսկ ԼՂ-ից դիմում չէր ընդունվի, Հայաստանը ստիպված ներկայացրել է:
«Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում առաջարկություն արեց, թե 94-ի զինադադարի պայմանագրերից միակողմանի դուրս են գալիս, Մամեդյարովը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե իրենք կապ չունեն: Պատահական չէր, որ նա նման հայտարարություն արեց, որովհետև ՀՀ-ն որոշակի գործողություններ արել է, լրացրել է: Հայաստանը պաշտոնապես դիմել է միջազգային հետաքննություն սկսելու պահանջով: Ապրիլի սկզբից հետո, երբ շփման գծում դիտարկում եղավ, կրակող էր եղել ադրբեջանական կողմից ու սա հետաքննական մեխանիզմի մի մասն է»,- նշեց Բալայանը:
Նա ողջունեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կողմից նախաձեռնած գործունեությունը, ով մի խումբ անձանց հետ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նամակ էր հղել՝ միջազգային հետաքննություն սկսելու համար: