Դուք գերի չեք վերցնի տնտեսվարողներին, նրանք իրենց պատասխանը տալիս են հեռանալով՝ քվեարկելով ոտքով. Գուրգեն Արսենյան
ԱԺ-ում հարկային նոր օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա նշեց, որ ինքն ու իր կուսակցությունը կտրականապես դեմ են առաջարկվող փոփոխություններին, քանի որ կարծում եմ, որ սա ոտնձգույթուն է ՀՀ տնտեսվարող հատվածի վրա:
«Զարմանալի չէ՞, որ ընդդիմության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նույն ձև քննադատում են այս Հարկային օրենսգիրքը: Հիմա հարց է ծագում՝ այս հարկային օրենսգիրքը քաղաքական մեծամասնության օրենսգի՞րքն է, այսինքն՝ այս նոր հարկային փիլիսոփայությունը Հովիկ Աբրահամյանի քաղաքականության նոր փիլիսոփայությո՞ւնն է, որովհետև այն ինչ մինչև այս հնչում էր Կառավարության կողմից, այն քաղաքական հայտարարությունները, որ արվում էր այս ամբիոնից, լրիվ այլ բան էր ենթադրում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունը ՀՀ տնտեսվարողների մասին որպես որս է խոսում. «Դուք որսորդնե՞ր եք, նրանք էլ որսն են, և նրանց հետևից ընկնեք, ո՞նց անեք, որ չփախչեն: Սա դիվերսիա է տնտեսության նկատմամբ, բայց դուք այս մարդկանց հարկերից եք աշխատավարձ ստանում: Հարգելի քաղաքական մեծամասնություն, ի՞նչ է` այս օրենսգրքով դուք գնում եք ընտրություններին, չե՞ք կարծում, որ սա դիվերսիա է նաև ձեր քաղաքական ծրագրերի վրա»,-ասաց նա և նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը կբերի արտագաղթի:
«ՀՀ տնտեսվարողները գերի են ընկել: Դուք այն մարդիկ չեք, որ գերի վերցնեք տնտեսվարողներին, նրանք արդեն իրենց պատասխանը տվել են, նրանք այս ամենը կատարում են հեռանալով՝ քվեարկելով ոտքով: Ի՞նչ է՝ մենք փշալարի էս կողմից ենք նայում, դուք էլ ավտոմատո՞վ եք, մենք գերի՞ն ենք, ո՛չ»,- ասաց Գուրգեն Արսենյանը: