Եթե ԱԱԽ քարտուղարի պաշտոնում 2 տարի նշանակում չէր կատարվում, ուրեմն դա ավելորդ հաստիք է. Արմեն Բադալյան
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը որևէ կարևորություն չի ներկայացնում, ինչի մասին էլ վկայում է այն, որ 2 տարի շարունակ այս պաշտոնին որևէ մեկը չէր նշանակվում:
«Եթե մի կառույց կարող է 2 տարի շարունակ առանց ղեկավարի մնալ, ուրեմն սա ավելորդ հաստիք է: Իսկ ինչո՞ւ նշանակեցին հիմա. հավանաբար Նախագահը հիմա նպատակահարմար գտավ և ոչ ավելին։ Կարող էր ևս վեց ամիս հետո կամ վեց ամիս առաջ նշանակեին»,- Tert.am-ին ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ մոտ 2 տարի առաջ այս օրերին հրաժարականից հետո այս պաշտոնը շուրջ 2 տարի թափուր էր: Ըստ որում, առավել հավանական էր, որ նման նշանակում կարող էր լինել գոնե ապրիլյան պատերազմի օրերին:
Արդյո՞ք ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար չպետք է ինչ-որ իմաստով վայելել ռուսական քաղաքական էլիտայի աջակցությունը. այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետը, որը մշտապես կրկնում է, որ ՀՀ-ում ոչ մի բան չի կատարվում առանց Կրեմլի, այս անգամ բացասական պատասխան տվեց` ասելով. «Եթե խոսքը լիներ Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության մասին, ապա կարող էինք ասել, որ այո, ՌԴ դերակատարումը երևում է։ Բայց ԱԱԽ ղեկավարի հարցը Մոսկվայի հետ չեն ճշտում: Ի՞նչ է՝ Շիրակի մարզպետ նշանակելիս Ռուսաստանի հե՞տ են ճշտում»,-ավելացրեց Արմեն Բադալյանը: