ԵՏՄ-Չինաստան հարաբերությունների զարգացումից կարող են օգտվել նաև հայ գործարարները. տնտեսագետ
Հայաստանի և Չինաստանի առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտումներ նկատվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերություններին:
«Ինչ վերաբերում է ԵՏՄ համատեքստում Չինաստանի հետ համագործակցությանը, ապա վերջերս Սոչիում Չինաստանի նախագահը քննարկել է ԵՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրական հարաբերությունների ակտիվացման ուղղությունները: Դա դրական միտում կարելի է համարել և զարգացման հեռանկարներ ունեցող ուղղություն, որի արդյունքներից կարող են օգտվել նաև հայ գործարարները»,-ասաց նա և նշեց, որ Չինաստանը ԵՏՄ անդամ երկրների հետ ևս փորձում է ակտիվացնել իր հարաբերությունները:
Նշենք, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը, և քննարկել են նաև հայ-չինական տնտեսական հարաբերությունները:
«Եթե Հայաստանը խելացի գտնվի, ապա կարող է դրանից ճիշտ օգտվելու պարագայում շատ ավելի լուրջ գործընկեր ձեռքբերել: Չինաստանը դրական զարգացումներ ունեցող և ապագայի հեռանկարներ ունեցող երկիր է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Չինաստանի տնտեսությունը զարգանում է, ինչի արդյունքում այդ երկիրը իր գործընկերների շարքն է ընդլայնելու և խորացնելու է հարաբերությունները:
«Այստեղ այլընտրանք գոյություն չունի և կարծում եմ՝ նախաձեռնությունը ավելի շատ չինական կողմին է պատկանում, քան հայկական»,-ասաց նա: