Շտայնմայերն առաջարկել է մտածել ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները փուլ առ փուլ վերացնելու մասին
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը առաջարկել է մտածել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները փուլ առ փուլ հանելու մասին:
Գերմանիայի ԱԳ նախարարն այդ գործընթացը պայմանավորել է Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերի կատարման առաջընթացով:
«Անցյալ շաբաթվա իմ առաջարկն է՝ առարկայական առաջընթացի դեպքում մտածել պատժամիջոցների փուլային չեղարկման մասին»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Բեռլինում գերմանա-ռուսական համաժողովի ընթացքում:
Անցյալ շաբաթ Ռիգա կատարած այցի ընթացքում Շտայնմայերը խոստովանել էր, որ Եվրամիության տարածքում աճում է պատժամիջոցներին ընդդիմացողների թիվը:
«Այդ հարցում ընդհանուր դիրքորոշման հասնելն ավելի դժվար է լինելու, քան մեկ տարի առաջ»,-ասել էր նախարարը:
Ավելի վաղ աստիճանաբար պատժամիջոցները չեղարկելու առաջարկով էր հանդես եկել Գերմանիայի փոխկանցլեր, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը: