Կալիֆոռնիայում 2 շրջանավարտներ տնակներ են նախագծել անօթևանների համար (լուսանկարներ)
Կալիֆոռնիայի Սթոքթոն քաղաքի ավագ դպրոցներից մեկի երկու սաներ որպես դասընթացի ավարտական նախագիծ մատչելի միկրո-տուն են ստեղծել:
Business Insider-ի հաղորդմամբ` Նորիս Փալմերն ու Օսթին Օրտեգան, ովքեր արդեն Լինկոլնի անվան ավագ դպրոցի ինժեներա-շինարարական ակադեմիայի անդամներ են, մայիսի 19-ին ավարտին են հասցրել իրենց «Բնակելի քաղաքային վրան» (HUT) նախագծի շրջանակներում կառուցված առաջին նախատիպը:
HUT միկրո-տունը 2.5 մետր երկարություն, լայնություն և բարձրություն ունի: Այն նախագծված է հնարավորինս մատչելի արտադրության, հեշտ տեղափոխման և առանց գործիքների հավաքման համար: Նախատիպը պատրաստվել է մետաղական վահանակներից և փայտե շրջանակներից, սակայն ապագայում ստեղծողները մտադիր են բարձր խտության պոլիէթիլենային պլաստիկ օգտագործել:
Տնակի ներսում մահճակալ և գորգ է տեղադրված, ինչպես նաև ներկառուցված շարժական պատուհան` օդափոխության համար: Նախատիպը կառուցելու համար աշակերտները մոտ 3000 դոլար են ծախսել, սակայն ապագայում մտադիր են տնակների ինքնարժեքը հասցնել առավելագույնը 1000 դոլարի: