Պակիստանի Իսլամական խորհուրդն առաջարկել է տղամարդկանց «թեթևակի» ծեծել իրենց կանանց
Պակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը նոր նախագիծ է առաջ քաշել, որում նշվում է, որ ամուսիններն իրենց կանանց կարող են ծեծի ենթարկել այնքան ժամանակ, քանի դեռ «թեթևակի» են ծեծում:
«Եթե ցանկանում եք, որ նա (կինը- Tert.am) ուղղի իր սխալները, նախ պետք է խորհուրդ տաք, եթե մերժում է, դադարեք խոսել նրա հետ և կիսել նրա հետ անկողինը, եթե փոփոխություններ չլինեն, փոքր-ինչ խիստ վարվեք», - The Telegraph-ը մեջբերում է խորհրդի խոսնակ Մուհամադ խան Շերանիի խոսքը:
«Փոքր-ինչ խիստը» նրա բնորոշմամբ ներառում է «կնոջը խփելը թեթև իրերով ինչպես օրինակ` թաշկինակ, գլխարկ կամ չալմա, բայց չհարվածել դեմքին կամ մարմնի ինտիմ հատվածներին»:
Այս նախագիծը Պակիստանում կատաղի արձագանքի է արժանացել, որին հաջորդել է նաև Իսլամական գաղափարախոսության խորհուրդը լուծարելու առաջարկը:
Խորհուրդը սովորաբար Պակիստանի կառավարությանն ու օրենսդիրներին խորհուրդներ է տալիս կրոնական հարցերի շուրջ, սակայն կառույցի խորհուրդները պարտադիր չեն: