Էկվադորում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, 85-ը՝ տուժել
Մեկ մարդ զոհվել է, 85 հոգի տուժել է չորեքշաբթի Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտարարել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան:
«Ցավոք, մենք պետք է հաղորդենք զոհի մասին»,-ասել է Կորեան:
Դրա հետ մեկտեղ էկվադորյան «Կոմերսիո» թերթը հաղորդել է, որ ամենաքիչը երկու մարդու մահ է կապված երկրաշարժի հետ: Թերթի տեղեկություններով՝ այդ մարդիկ ընկել են ավտոմեքենայի տակ մայրաքաղաք Կիտոյում, երբ ցնցումները զգացել և խուճապահար դուրս են վազել շինություններից մեկից:
Չորեքշաբթի Էկվադորի հյուսիս-արևմուտքում մի քանի ժամվա տարբերությամբ երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները եղել են 6.7 և 6.8 մագնիտուդ հզորությամբ: