Անկարան կատարել է ԵՄ-ի հետ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. թուրք նախարար
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Անկարան կատարել է ԵՄ-ի հետ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ բոլոր 72 պայմանները, հաղորդում է РИА Новости-ն:
Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին չեղարկել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման համար մնացյալ հինգ պայմանները:
Նախօրեին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը կսկսի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցի օրենսդրական գործընթացը միայն այն բանից հետո, երբ Անկարան առանց բացառության կատարի դրա հետ կապված ԵՄ-ի պահանջները:
«Թուրքիան կատարել է բոլոր 72 պայմանները, և Եվրահանձնաժողովի զեկույցում որպես պարտադիր պայման չի առաջ քաշվում թուրքական հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը, կան միայն ակնկալիքներ: Երբ այդ զեկույցը հրապարակվեց, հաջորդեց Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Տիմերմանսի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի կատարել վիզաների չեղարկման համար հինգ պայմանները, և դա շփոթության առիթ է դարձել: Անգամ եթե վիզաները չչեղարկվեն, մենք չենք փոխի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը մեր երկրում, որտեղ մարդիկ տառապում են ահաբեկչությունից»,- հայտարարել է Բոզքըրը Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: