Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա հուլիսի 16-ին
Ապրիլի 9-ին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Լաս Վեգասում կայացած մենամարտում միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը զիջել էր մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Հայ բռնցքամարտիկը ռինգ կվերադառնա հուլիսի 16-ին, իսկ մենամարտը կկայանա Բեռլինում:
«Պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս մարզաձեւին, որին այդքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը մեր ծրագրով չընթացավ, սակայն խոստանում եմ՝ դա չի կրկնվի: Ցույց կտամ, որ կարող եմ ավելին անել եւ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն. դա է իմ մեծագույն ցանկությունը»,- ասել է 36-ամյա բռնցքամարտիկը:
«Գոհ չէի Ռամիրեսի դեմ Արթուրի ելույթից, սակայն որոշեցի տղային մեկ այլ հնարավորություն տալ: Նա չարեց անհրաժեշտը տիտղոսը պահելու եւ իրեն չեմպիոն կոչելու համար: Այժմ Արթուրը պետք է ավելի ջանասիրաբար աշխատի»,- հայտարարել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները:
«Արթուր Աբրահամը կարիերայում մեծ փորձությունների միջով է անցել: Նախկինում նա վերադարձել է պարտություններից հետո եւ վստահ ենք, որ նա կարող է կրկին դա անել: Նա պետք է ցույց տա, որ կրակը դեռ վառվում է եւ ամեն ինչ անի կրկին աշխարհի չեմպիոն դառնալու համար»,- պրոմոուտեր Կեյլ Սազերլենդի խոսքը մեջբերում է sauerlandpromotion.com-ը: