Ադրբեջանում թմրավաճառության մեղադրանքով ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանը պղծողներին
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է «խոշոր թմրավաճառների» ձերբակալության մասին, սակայն պարզվում է՝ խոսքը NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի ձերբակալության մասին է:
Համաձայն ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Մամեդովի մոտ 3 գրամ հերոին է հայտնաբերվել, իսկ նրա բնակարանի խուզարկության արդյունքում՝ 1 կգ:
Եվս 2.6 գրամ հերոին է հայտնաբերվել Գիյաս Իբրահիմովի մոտ, իսկ նրա տնից՝ 1 կգ:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Մամեդովը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ իրեն իրականում ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանին գրառման պատճառով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձինք պղծել էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը՝ դրա վրա գրելով. «Շնորհավոր ստրուկների տոնը»։