Ամերիկացին պնդում է, որ հանգուցյալ Փրինսի որդին ու «միակ ողջ ժառանգն է»
ԱՄՆ Միսուրի նահանգի` անազատության մեջ գտնվող քաղաքացին պնդում է, որ ինքը վերջերս մահացած երգիչ Փրինսի որդին է և «միակ ողջ մնացած ժառանգը»: Business insider-ի հաղորդմամբ` այդ մասին տղամարդը հայտնել է Մինեսոտայի` Ժառանգության հարցերով զբաղվող կենտրոնին ուղղված դիմումով:
Փաստաթղթում նշվում է, որ 39-ամյա Քարլին Ուիլյամսը խնդրում է հայրությունը պարզելու փորձաքննություն անցկացնել:
Ուիլյամսի մայրը` Մարշա Հենսոնը գրավոր ցուցմունքում նշել է, որ Փրինսին հանդիպել է 1976-ի հուլիսին Կանզաս Սիթի քաղաքում, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել, որից 9 ամիս անց ծնվել է Ուիլյամսը:
Աղբյուրի հաղորդմամբ` ներկա պահին Կոլորադոյի բանտում զենք տեղափոխելու համար իր պատիժը կրող Ուիլյամսի համար հնարավոր է հայրության թեսթ անցկացնել:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին 57-ամյա Փրինսին մահացած են հայտնաբերել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի իր տանը: