Իրանը 2009-ին Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման համար մեղադրել է ռուսական ընկերությանը
Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Գազի Շահրիարին երեքշաբթի հայտնել է, որ Իրանում Տու-145Մ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննող հանձնաժողովի արդյունքները վկայում են այն մասին, որ ավիավթարի համար մեղավոր է ռուսական նախագծող ընկերությունը և չվերթը սպասարկող անձնակազմը, հաղորդում է РИА Новости-ն:
Իրանական Caspian Airlines ավիաընկերության Տու-145Մ ինքնաթիռը կործանվել է 2009 թվականի հուլիսի 16-ին՝ Թեհրանից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրանական Ղազվին քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ, այդ թվում՝ անձնակազմի 15 անդամները, մահացել են: Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը:
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը փոխանցված այդ միջադեպի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի հաղորդագրության հիման վրա ինքնաթիռի վթարի պատճառ են դարձել ճնշման կոմպրեսորի փականում անսարքությունները: Վերջիվերջո, մեղավոր են ճանաչվել ռուսական նախագծող ընկերությունը, ինչպես նաև չվերթի սպասարկման համար պատասխանատու անձնակազմը»,- IRINN հեռուստաալիքին հայտնել է Շահրիարին:
Նա նշել է, որ նորաստեղծ հանձնաժողովը կզբաղվի ինքնաթիռի ձեռքբերման և շահագործման ժամանակ ավիաընկերության նախկին ղեկավարության անփութության գործի հետաքննությամբ: