Ռուս օդաչուի սպանության մեջ կասկածվողին Թուրքիան հնարավոր է ազատ արձակի
Թուրքիայի դատախազությունը չեղարկել է Սիրիայում կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուի սպանության համար կասկածվող Ալփարսլան Չելիքին ներկայացված բոլոր մեղադրանքները, հայտնում է Haberturk-ը:
Նա ձերբակալվել էր Իզմիրում՝ ապրիլի սկզբին, ավելի ուշ կալանավորվել էր: Նրան մեղադրանք էր ներկայացվել ապօրինի զենք կրելու և պահելու համար: Քննության ընթացքում Չելիքը պնդել էր, թե ռուս օդաչուին սպանելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել որպես զինյալների խմբի հրամանատար և անձամբ զինծառայողի վրա չի կրակել ու նման հրաման չի տվել:
Ակնկալվում է, որ Չելիքը շուտով ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը խոցվել էր թուրք-սիրիական սահմանի մոտ և ընկել Սիրիայի Լաթաքիա նահանգում: Օդաչուներն ինքնանետվել էին: Նրանցից մեկը փրկվել էր, իսկ մյուսին սպանել էին իջնելու պահին՝ օդում: