Թուրքիայում ընկերուհուն ծեծած ու փախուստի դիմած բրիտանացի զբոսաշրջիկին մահացած են գտել
Թուրքիայում մահացած են գտել բրիտանացի զբոսաշրջիկին, որը Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի հյուրանոցում ծեծել էր ընկերուհուն ու դիմել փախուստի։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, զբոսաշրջիկի դին հայտնաբերվել է հյուրանոցից ոչ հեռու՝ անտառի մոտ՝ հորում:
28-ամյա Գեոֆրեյ Ուաթսոնն անհետացել էր ապրիլի 28-ին՝ հարբած վիճակում բրիտանացի ընկերուհուն՝ Դեաննա Ուիլումսենի քիթը կոտրելուց ու հյուրանոցի գույքին վնաս հասցնելուց հետո:
Ընկերուհին ոստիկանությունում նրա դեմ բողոք չէր ներկայացրել, սակայն դեպքից մեկ օր անց ոստիկանությունը սկսել էր որոնել զբոսաշրջիկին։
Մայիսի 3-ին ընկերուհին վերադարձել էր Բրիտանիա:
Ուաթսոնի մարմինը հայտնաբերվել է այսօր: Նրա դիակի մոտ նաև 400 թուրքական լիրա և 30 եվրո է եղել: Նրա դին դուրս են բերել 9 մետր խորությամբ փոսից: