Այս ռեֆորմը դժգույն է. Միքայել Մելքումյանը՝ կենսաթոշակային համակարգի մասին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը» առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԲՀԿ խմբակցության պատգմավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, նշեց, որ քիչ ժամանակ չի անցել համակարգի ներդրումից: «Կարող ենք ասել, որ այս ռեֆորմը դժգույն է, ինչը կարելի է դատել ռեֆորմի քաշից»,- ասաց նա և մեջբերից նախարարի ներկայացրած թվերը, ըստ որի՝ մինչ այս 36 միլիարդ դրամ է հավաքագրվել, ու կեսը պետբյուջեից է մուտքագրվել: Նա նախարարին կոչ արեց գնահատական տալ ռեֆորմի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական բովանդակությանը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ համամիտ չէ ռեֆորմի վերաբերյալ պատգամավորի կարծիքի հետ: «Ես վստահ եմ, որ իրականացված ռեֆորմը միակ ճանապարհն է, որով մենք կկարողանանք ապագա կենսաթոշակառուներին ապահովել իրենց ունեցած նախորդ եկամտի առնվազն 40 տոկոսի չափով, եթե 30 տարի անձը մասնակցություն է ունեցել աշխատաշուկայում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ մինչ այս գործող համակարգը, որը սերունդների համերաշխության սկզբունքով է գործել, բացառապես կախված է եղել վճարումներ կատարողների և գումար ստացողների թվաքանակի հարաբերակցությունից: «Առաջիկայում մենք ունենալու ենք կենսաթոշակների անցնող ավելի մեծ բանակ, քան աշխատաշուկա մուտք գործող, քանի որ ետպատերազմյան ժամանակաշրջանի սերունդն է, և այդ տենդենցը շարունակական է: Այս առումով ցանկացած իշխանության համար խնդիր է լինելու համարժեք կենսաթոշակով ապահովելը, հետևաբար՝ պետք է արվեր այս փոփոխությունը, ներդրվեր այս համակարգ»,- ասաց նա և նշեց, որ հաշվի են առնվել ամենատարբեր երկրներում ներդրված համակարգերի սխալները:
Ինչ վերաբերում է հավաքագրված գումարներին, նախարարը նշեց, որ եթե համակարգին բոլորը մասնակցություն ունենային, ապա ավելի մեծ գումար կլիներ: Նա նաև նշեց, որ ընդհանրապես կենսաթոշակային համակարգերում ընդունված չէ կարճ ժամանակահատվածի համար եկամտաբերության ցուցանիշը դիտարկել: