Նալբանդյան-Մամեդյարով`պյած-նոլ. Էդուարդ Շարմազանով
Երեկ Պրահայում Վիշեգրադյան քառյակի նիստում հայկական դիվանագիտությունն այնպիսի լուրջ հաղթանակ է գրանցել, որ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն նմանեցնում է վաղ 2000-ականներին ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո գրված երգի բառերին. «կակայա բոլ, Արգենտինա-Ջամայկա`պյած- նոլ»:
Այս դեպքում զուգահեռը Հայաստան-Ադրբեջան ելույթների մասին էր, որով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն՝ 5:0 հաշվով հաղթանակ տարավ Էլդար Մամեդյարովի նկատմամբ:
Այս մասին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մի հատ շատ լավ ռուսական խումբ կա, «Չայֆ» էր կոչվում, կարծեմ, 2002 թվականին մի հատ երգ հորինեցին «Արգենտինա- Ջամայկա՝ պյած –նոլ» «Նալբանդ- Մամեդյարով՝ պյած- նոլ»»,-ասաց ՀՀԿ խոսնակը և առաջարկեց ըստ արժանվույն գնահատել ՀՀ արտգործնախարարի, իր ձևակերպմամբ, ուժեղ ազգանպաստ պատասխանը, որով, ըստ Էդուարդ Շարմազանովի, նա հստակ տեղը նստեցրեց Ադրբեջանի արտգործնախարին:
«Մամեդյարովի ելույթը, այնուհետև հարցերին պատասխանելը, իսկ այնուհետև «դասախոսությանը». մեր արտգործնախարարի հստակ պատասխանը ցույց տվեց, որ ադրբեջանցիների բոլոր փաստարկները հիմնազուրկ են»,-ավելացրեց ՀՀԿ խոսնակը:
Ավելին, Շարմազանովի կարծիքով, Մամեդյարովի ելույթն Ադրբեջանի գործընկեր արտաքին գործերի նախարարների մոտ ծիծաղելի վիճակում դրեց նրան։
Պատասխանելով հարցին, որ, ըստ Ադրբեջանում ամերիկյան կենտրոններից մեկի հարցման, Իլհամ Ալիևը 96 տոկոս վարկանիշ ունի, ՀՀԿ խոսնակը նկատեց, որ այդ մասին կարդացել ու զարմացել է:
«Որ 100 տոկոս չի ստացել, իրանց մոտ, քանի որ գրելով է, խղճով են գրել, պետք է գրեին 100, գրել են 96 տոկոս, ինչ ասեմ, տոտալիտար երկրներում այդպես է` 96, 97, 98 »,- ասաց Շարմազանովը և հեգնեց, թե միգուցե հաջորդ քննարկումներին կարող է «150 էլ խփեն»: