ԱՄՆ Պետդեպը հաստատել է ՌԴ-ի հետ Հալեպում հրադադարի շուրջ համաձայնության կնքումը
ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է ռուսական կողմի հետ Հալեպում և Սիրիայի ողջ տարածքում հրադադարի մասին համաձայնագրի կնքումը, որն ուժի մեջ է մտնում Դամասկոսի ժամանակով կեսգիշերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Սիրիայում բռնության թոթափմանն ու մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված հրատապ ջանքերի շրջանակներում ԱՄՆ-ն և Ռուսաստանը երեկ ուշ երեկոյան անցկացված բանակցություններում համաձայնության են եկել Հալեպում և քաղաքի շրջակայքում հրադադարի հաստատման շուրջ», - ասվում է Պետդեպի կայքում:
Մարկ Թոներն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերը նույնն են մնում և ներառում են Սիրիայի ողջ տարածքում լռության ռեժիմի հաստատումը և ոչ թե առանձին վայրերում: