Հնարավոր է գործի դրվեն լրացուցիչ սանկցիաներ՝ նախընտրական քարոզչության ժամանակ թույլ տված պատշաճ պահելաձևի համար.Դ. Հարությունյան
Համապատասխան սարքերի միջոցով ընտրական գործընթացի ժամանակ էլեկտրոնային գրանցում կատարող անձինք պիտի լինեն մասնագետներ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ անձինք, ովքեր գործի կդնեն գրանցման սարքերը, կլինեն անկուսակցականներ, չեն լինի հանձնաժողովի անդամ:
«Սա վճարովի աշխատանք է, որովհետև նրանք լինելու են պատասխանատու սարքի համար, պիտի մասնագետներ լինեն, թուղթը պետք է փոխվի, տեղերում կապն ապահովի»,- նշեց Հարությունյանը:
Նշենք, որ ընտրատեղամասում քաղաքացին ներկայանալու է անձը հաստատող փաստաթղթով, որը գրանցման հատուկ սարքի միջով է անցնելու:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքը բողոքարկելուն, ապա Հարությունյանն ասաց, որ հաջորդ օրը մինչև 18:00-ն բավարար է՝ բողոքարկման համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց՝ չե՞ք կարծում, որ ընտրությունները կեղծվում են, խախտումներն արվում են մինչև ընտրական բուն գործընթացը:
Ի պատասխան հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ոչ, ընտրությունների ճակատագիրը որոշվում է քվեարկության օրը: Իհարկե, հնարավոր է, որ նախընտրական փուլում լինեն ընտրախախտումներ՝ կաշառք և այլն… Մտածում ենք այս ուղղությամբ: Եթե կունենաք առաջարկներ, կարող ենք քննարկել: Հնարավոր է լինեն լրացուցիչ սանկցիաներ ոչ պատշաճ պահելաձևի դեպքում»:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև հարցրեց՝ ո՞վ է տալու գրանցման էլեկտրոնային սարքի տեխնիկական անվտանգության կառավարման երաշխիքը, արդյո՞ք ծրագիրը չի միջամտվելու: «Առնվազն երեսուն օր առաջ ծրագրային ապահովը ենթարկվելու է տեխնիկական աուդիտի: Կուսակցություններն իրենց մասնագետների միջոցով կարող են ծանոթանալու տեխնիկական ապահովմանը»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը: