Դմիտրի Մեդվեդևը չպատասխանեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «սեղանի պայմանավորվածություններ կան» և իրենք մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը։
Tert.am-ը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյո՞ք նոր համաձայնագիր է դրված բանակցությունների սեղանին։ «Ոչ մի համաձայնագրի մասին մենք տեղյակ չենք։ Մենք որևէ անհիմն խոսակցության պատասխանել չենք ուզում»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը։
Հարցին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու ... Եթե ուզում եք զենք գնեն Թուրքիայից․․․ Ամեն դեպքում եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են՝ Թուրքիայից կամ Իսրայելից»։
Tert.am-ը Դմիտրի Մեդվեդևին էլ հարց ուղեց, թե արդյոք ՌԴ-ն շարունակելո՞ւ է զենք վաճառել Ադրբեջանին, սակայն վերջինս հարցն անպատասխան թողեց։