Հայաստանը պարտավոր է իրականացնել Արցախի ժողովրդի անվտանգությունը. Է. Շարմազանով
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը հանդիսանալով պատրաստ է ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքել ԼՂ հետ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությանը, որ անհրաժեշտ է համագործակցել ԼՂ ԱԳՆ-ի հետ և աշխատել ԼՂ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Կարծում եմ, որ արտգործնախարարների համապատասխան աշխատանքից հետո, երբ փաթեթը կուղարկվի ԱԺ, մենք պատրաստ կլինենք մեր ողջ լիազորությունների չափով կատարել հանրապետության նախագահի հանձնարարականը: Միանշանակ, սրա անհրաժեշտությունը կա, որովհետև Ադրբեջանն իր ավագ եղբայր Թուրքիայի հորդորով գնում է ահաբեկչության ճանապարհով»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ ադրբեջանական գործողություններն ուղակի վտանգ են ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ Հայաստանը պարտավոր է իրականացնել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ է իրավապայմանագրային բազա՝ վավերացված ԼՂ և ՀՀ Ազգային ժողովների կողմից:
Շարմազանովը հայտնեց, որ ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերը, անկախ քաղաքական դիրքորոշումից՝ ընդդիմություն, թե իշխանություն, միասնական են ու պատրաստակամ՝ համատեղելու ջանքերը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման համար: