«Սաակաշվիլիի ռեժիմի զոհերը» հավաքվել են Ռուսթավի բանտի մոտ և պահանջում են ազատ չարձակել նախկին նախագահին (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման հակառակորդները հանրահավաք են անցկացնում Ռուսթավիի թիվ 12 բանտի շենքի մոտ, գրում է sputnik-georgia.ru-ն:
Ակցիային հավաքվել է մի քանի տասնյակ մարդ։ Նրանց խոսքով՝ բոլորը եկել են Քութայիսից (Իմերեթի շրջան, Արևմտյան Վրաստան)։
Ելույթ ունեցողները նշում են, որ իրենցից յուրաքանչյուրը դարձել է «Սաակաշվիլիի ռեժիմի» զոհը, տուժել են կա՛մ իրենք, կա՛մ իրենց հարազատները։ Մասնակիցների խոսքով՝ իրենք ակցիան կազմակերպել են ինքնաբուխ՝ սեփական նախաձեռնությամբ։ Նրանց կարծիքով՝ Սաակաշվիլին պետք է նստի բանտ ու պատասխան տա իր հանցագործությունների համար, սա է ցուցարարների հիմնական ուղերձը։
Ցուցարարները խոստանում են մնալ բանտի շենքի մոտ մինչև ուշ գիշեր, որպեսզի իրենց ձայնը հասցնեն բանտարկյալ Սաակաշվիլիին և հիշեցնեն իրենց մասին։
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության մի քանի բրիգադներ։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: