Մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց թիրախը Հայաստանը մետաղի մշակման երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է. Փաշինյան (տեսանյութ)
2022թ.-ի համար մենք նախատեսում ենք 7% տնտեսական աճ, չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունը գերազանցեց աճի համար 2021թ.-ի արված բոլոր կանխատեսումները։ Այս մասին ԱԺ-ում 2022թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2021թ.-ի սեպտեմբերին ՀՀ-ում վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ է գրանցվել` 651.141 վճարվող աշխատատեղ։ Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Ընթացիկ տարվա բավականին բարձր` 6.4% գնաճի ֆոնին կարևոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3%-ով, 20%-ով աճել է արտահանումը, ընդ որում՝ ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլ պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը։ Շինարարության ծավալները աճել են 7%-ով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5%»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ այս գործոնները 7% տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական՝ ընդգծելով, որ մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։
«Այս ներդրումների թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրսներ արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի մշակման երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է։ 2022թ.-ի բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2022 թ.-ի նկատմամբ ավել է 17%-ով»,- նշեց նա։