American Airlines-ն օդաչուներին կոչ է արել վառելիք խնայել
Ամերիկյան American Airlines Group Inc․ ավիաընկերությունն իր օդաչուներին խնդրել է հնարավորության դեպքում վառելիք խնայել՝ նախազգուշացնելով երկրի մի շարք օդանավակայաններում առաքման ուշացումով պայմանավորված վառելիքի պակասի մասին, հայտնում է CNN-ը։
Ավիաընկերությունը հայտնել է, որ որոշ դեպքերում լրացուցիչ վառելիք կմատակարարի վառելիքի պակասից տուժած օդանավակայաններ, ինչպես նաև նշել, որ չվերթները կարող են իրականանալ միջանկյալ լիցքավորման համար կանգառներ կատարելով։
Բացի այդ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առայժմ ստիպված չի եղել որևէ չվերթ չեղարկել։
Հայտնի է, որ երկրում վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրներն առաջացել են երկրի ներսում զբոսաշրջային ճանապարհորդությունների պահանջարկի աճի պատճառով, ինչը, ըստ տվյալների, մոտ է 2019 թվականի ճանապարհորդությունների մակարդակին և նույնիսկ գերազանցում է այն:
Շատ միջազգային երթուղիներ պահանջում են COVID-19-ի բացասական թեստ կամ պատվաստումների վկայագիր, մինչդեռ որոշ ուղղություններ դեռ փակ են ԱՄՆ զբոսաշրջիկների համար: Սա հանգեցրել է այս ամառ ներքին ճանապարհորդությունների, հատկապես բացօթյա զբոսաշրջային վայրերի պահանջարկի աճին: