Հնդկաստանում բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 18 զոհ
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում բախվել են բեռնատարն ու ուղևորատար ավտոբուսը, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ մահացել է, 25 մարդ` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով տեղի աղբյուրին, անսարքության պատճառով ավտոբուսը կանգնել է ճանապարհի եզրին, ուղևորների մի մասը ներսում է մնացել, մի մասը դուրս է եկել: Այդ պահին մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է ավտոբուսին:
Տուժածներին հոսպիտալացրել են մոտակա բուժհաստատություն: Ոստիկանությունը փրկարարական աշխատանքներ է իրականացնում դեպքի վայրում:
Հնդկաստանում ճանապարհների ոչ բարվոք վիճակն ու գերծանրաբեռնվածությունը հաճախակի հանգեցնում է լուրջ հետևանքների: Պաշտոնական վիճակագրության համաձայն` ամեն տարի երկրում ՃՏՊ-ի զոհ է դառնում ավելի քան 100 000 մարդ, ևս 300-400 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստանում: