Մենք երբեք չենք համաձայնվի, որ կղզու հյուսիսում Թուրքիայի կողմից ամբողջապես կառավարվող անկախ պետություն ստեղծվի. Կիպրոսի նախագահ
Հույն-կիպրացիները երբեք չեն համաձայնվի, որ Կիպրոսի հյուսիսում Թուրքիայի կողմից կառավարվող անկախ պետություն ստեղծվի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո:
«Անհնար է պատկերացնել, որ հույն-կիպրացիները կարող են համաձայնվել կղզու հյուսիսում պետական կազմավորման՝ անկախ պետության ձևավորման հետ, որն ամբողջությամբ կկառավարվի Թուրքիայի կողմից, որտեղ լիակատար բացակայում են մարդու իրավունքները, հույն-կիպրացիների իրավունքները, որոնք տեղահանված անձինք են դարձել, որոնց սեփականությունը բռնագրավվել է օկուպացիոն Թուրքիայի կողմից»,- ասել է Անաստասիադիսը:
Կիրպոսի նախագահն ընդգծել է, որ Հունաստանն ու Կիպրոսը ձգտում են շեշտը դնել գործողությունների համադրման վրա՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան և թուրք-կիպրոսցիների ղեկավարությունը պահանջում են փոխել կիպրական հակամարտության կարգավորման սկզբունքները՝ առաջ քաշելով պետական անօրինական կազմավորման՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքիական Հանրապետության անկախության ճանաչման սզբունքը: