Ռոհանին հարևան երկրներին կոչ է արել արդար մոտեցում ցուցաբերել Եփրատ և Տիգրիս գետերի ջրերն օգտագործելիս
Իրանի նախագահ Hասան Ռոհանին համագործակցության կոչ է արել տարածաշրջանի և հարևան երկրներին` բնապահպանական խնդիրները կարգավորելու համար:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին Ռոհանին խոսել է երկուշաբթի կայացած տեսաժողովի շրջանակում, որի ընթացքում մի շարք նախագծեր է ներկայացրել: Իրանցի ղեկավարն ընդգծել է, որ իր վարչակազմի գործունեության արդյունքում բարելավվել է երկրի բնապահպանական իրավիճակը` 8 տարի առաջ տիրող իրավիճակի համեմատ:
Մատնանշելով իր վարչակազմի նախաձեռնությունները`ուղղված հարավարևմտյան Խուզեսթան նահանգում մշուշի և փոշու մասնիկների բարձր կենտրոնացման խնդիրը կարգավորելուն, վերջինս ընդգծել է. «Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, սակայն մենք կարիք ունենք համագործակցելու տարածաշրջանի երկրների հետ, քանի որ խնդիրներից շատերն առնչվում են նաև հարևան երկրներին»:
Վերջինս տարածաշրջանի երկրներին կոչ է արել արդար մոտեցում ցուցաբերել, երբ հարցը վերաբերում է գետերի ջրերին:
«Երբ մի երկիր օգտագործում է Տիգրիս և Եփրատ գետերի ողջ ռեսուրսը, և ցածրադիր վայրերում գտնվող մյուս երկրները զրկված են դրանից, դրա հետևանքները մեզ վրա են ազդում»,- փաստել է իրանցի ղեկավարը: