Հայիթիի կառավարությունը նախագահի սպանությունից հետո ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից. Վաշինգտոնը մերժել է
Միացյալ Նահանգները մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին՝ նախագահի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հղումով, որի անունը չի հաղորդվում:
Նշվում է, որ այսպիսով՝ ԱՄՆ-ն մերժել է Հայիթիի կառավարության խնդրանքը:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Հայիթիի իշխանություններն ԱՄՆ իշխանություններից օգնություն են խնդրել անվտանգության, ինչպես նաև Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության հանգամանքների հետաքննության հարցում:
«Եվ մենք կանոնավոր կապի մեջ ենք Հայիթիի պաշտոնյաների հետ` քննարկելու, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ավելի վաղ Հայիթիի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրել էին զորք ուղարկել նախագահի սպանությունից հետո առանցքային ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը: