Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է զգոն լինել և չհասցնել նրան, որ բժիշկները մեծ անձնակազմով չկարողանան մարդկանց որևէ օգուտ տալ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար
Մեծահասակների մոտ, որոնք ունեն կյանքի ընթացում ձեռք բերված խրոնիկ հիվանդություններ, այդ մարդկանց մոտ, կորոնավիրուսը առանձնահատուկ բարդությամբ է ընթանում։ Այս մասին պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։
Նրա խոսքով՝ պետք է զգոն լինել, և չհասցնել նրան, որ բժիշկները մեծ անձնակազմով չկարողանան այդ մարդկանց կյանքին որևէ օգուտ տալ։
«Պետք է պահպանել բոլոր կանոնները, սցենարը շատ դառն է ընթանում։ Ես մինչև այժմ առիթ չեմ ունեցել վարակակիր պացիենտի հարազատի հետ զրուցեմ կամ ցավակցեմ, որովհետև փակ գոտում ենք աշխատում, և ամեն անգամ այդ հնարավորությունը չենք ունենում, ինչպես առօրյա կյանքում ենք շփվում հիվանդի հարազատների հետ և բացատրում իրենց հիվանդի ծանրության աստիճանը կամ բուժման դինամիկան»,-ասաց Հայկ Անտոնյանը։
Նա կոչ արեց հետևել հիգիենայի կանոններին, որպեսզի բանը չհասնի նրան, որ մեր հարազատները հայտնվեն վերակենդանացման բաժանմունքներում։