Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով խնդրագիր է հայտնվել
Ուկրաինայի նախագահի կայքում խնդրագիր է հրապարակվել, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովի, դիմում եմ Ձեզ՝ խնդրելով աջակցել ողջ հայ ժողովրդին ճշմարտության և պատմական արդարության հարյուրամյա պայքարում»,- գրում է խնդրագրի հեղինակը՝ Монс Пиус հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
«Ամբողջական ժողովուրդների հետապնդումները, ճնշումները և զանգվածային սպանությունները ռասայական, կրոնական կամ ցանկացած այլ պատճառով հանցագործություն են մարդկության դեմ և չունեն վաղեմության ժամկետ: Նման գործողությունները պետք է համարժեք գնահատական ստանան ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի չկրկնվեն նման ողբերգություններ ապագայում:
Այս հարցը բարձր է բոլոր քաղաքական շահերից. խոսքը այն արժեքների մասին է, որոնց հիման վրա դաստիարակվելու են հաջորդ սերունդները, որոնցից կախված կլինի անվտանգությունը, բարեկեցությունը և միլիարդավոր մարդկանց ազատ լինելու հնարավորությունը: Համոզված եմ, որ նման կողմնորոշումները մոտ են ողջ ուկրաինական ժողովրդին և անձամբ Ձեզ:
Հենց այդ պատճառով կոչ եմ անում Ձեզ պետական մակարդակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցում և ապրիլի 24-ը սահմանել այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր»,- ասվում է խնդրագրում: