Իտալիայի վարչապետը սպառնացել է դուրս գալ ԵՄ-ից, եթե զբոսաշրջության «կանաչ միջանցքներ» սահմանվեն Եվրամիության տարածքում
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն քննադատել է Եվրամիության առաջարկած զբոսաշրջության ծրագիրը, որով նախատեսվում է թույլատրել այսպես կոչված՝ կանաչ միջանցքների բացումը ԵՄ երկրների միջև:
Ինչպես հայտնում է CNN-ը, իտալացի գործիչը նշել է, որ այդ որոշման կայացումը կարող է ստիպել Իտալիային դուրս գալ ԵՄ-ից: Վերոնշյալ զբոսաշրջային միջանցքները կարող են թույլ տալ որոշ երկրների, որտեղ «Քովիդ-19»-ով վարակման ցածր թվեր են գրանցվել, բացել սահմանները մի քանի ուղղություններով նախքան բոլոր սահմանների բացումը:
«Մենք չենք ընդունում երկկողմանի համաձայնագրերը Եվրամիության ներսում, որը կարող է նախընտրելի զբոսաշրջային ուղղություններ սահմանել: Զբոսաշրջությունը չի կարող պայմանավորվել երկակի պայմանագրերով, այլապես մենք դուրս կգանք ԵՄ-ից»,- ասել է Կոնտեն՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունն ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 13 տոկոսը:
Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մահացել է ավելի քան 31 հազար մարդ: