«Կորոնավիրուսը, գուցե, երբեք չանհետանա». ԱՀԿ
Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է երբեք չանհետանալ և միանալ այն վիրուսների շարքին, որոնց հետևանքով ամեն տարի մարդիկ մահանում են ողջ աշխարհում: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը:
«Այս վիրուսը կարող է պարզապես դառնալ ևս մեկ համաճարակային վիրուս, որ գոյություն ունի մեր շրջանում և երբեք կարող է չանհետանալ: ՄԻԱՎ-ը չի անհետացել: Ես չեմ համեմատում այս երկու հիվանդությունները, սակայն կարծում եմ, որ կարևոր է իրատեսական մոտեցում ունենալը: Չեմ կարծում՝ որևէ մեկը կարող է կանխատեսել, թե երբ կանհետանա այս հիվանդությունը կամ արդյոք կանհետանա»,- ասել է Ռայանը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութը «գուցե նպաստի վիրուսը վերացնելուն, սակայն այդ պատվաստանյութը դեռ պետք է հասանելի լինի և պետք շատ արդյունավետ լինի»:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4.4 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 290 000-ը: