Ապօրինի գույք ձեռք բերած անձը իրեն փաստացի պատկանող գույքի առնվազն 75 տոկոսը պետությանը վճարելով՝ չի ազատվելու քրեական պատասխանատվությունից. Արդարադատության նախարար
Եթե ապօրինի գույք ունեցող անձը պարտավորվում է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել և դրա նվազագույնը 75 տոկոսը փոխանցել պետությանը, դա չի ազդում քրեական գործի ընթացքի վրա, որովհետև սկզբունքն այն է, որ անձը գումար վճարելով չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից: Այս մասին վարչապետի հետ հանդիպմանը ներկայացնելով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ներկայացնելով, թե ուսումնասիրությունը սկսելու համար, որ հանգամանքներն են ազդակ հանդիսանալու, Բադասյանն ասաց.
«Եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման հետ կապված որևէ գործողության համար անձին մեղադրանք առաջադրվի, նրան պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի չափը չհիմնավորվի իր օրինական եկամուտներով 50 միլիոն և ավելի դրամով, կհարուցվի վարույթ: Պաշտոնատար անձանցից բացի ուսումնասիրություն կարող է սկսվել թրաֆիկինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածների դեպքում, որոնք կարող են ազդակ լինել»,-ասաց նա:
Բադասյանի խոսքով՝ եթե գույքի՝ օրինական միջոցներով ձեռքբերումը չի հիմնավորվում, անձին առաջարկվում է ներկայացնել հայտարարագիր, փաստաթղթեր, որով կարող է հերքվել այդ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը: «Չհերքվելու դեպքում կարող է քաղաքացիական հայց ներկայացվել դատարան, և բանակցություններ սկսվեն հաշտության համաձայնագրի շուրջ: Այդ համաձայնագիրը ենթադրում է, որ տվյալ անձը պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել և դրա նվազագույնը 75 տոկոսը փոխանցել պետությանը»,-ասաց նա՝ հավելելով, թե այդ բանակցությունները վարվելու են Գլխավոր դատախազության հետ:
Ըստ նախարարի՝ ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբերին անցումային շրջանն է, երբ կկատարվի Դատախազության ներկայացուցիչների և դատավորների վերապատրաստումներ, կավելանա դատախազի տեղակալի հաստիք, որն զբաղվելու է այդ հարցերով:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ստորագրել է այսօր:
Օրենքով ուսումնասիրության ենթակա են 1991թ. սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը: Հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը: