ԱՀԿ-ն զգուշացնում է, որ «ծխողներն առավել հակված են կորոնավիրուսով պայմանավորված լուրջ հիվանդություն զարգացնելուն»
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ անցյալ ամսվա ընթացքում հանրային առողջության փորձագետների իրականացրած մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ ծխողները «առավել հակված են «Քովիդ-19»-ով պայմանավորված լուրջ հիվանդություն զարգացնելուն, քան չծխողները»:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՀԿ-ից նշել են, որ ծխելու հետևանքով վատանում է թոքերի աշխատանքը, ինչի հետևանքով օրգանիզմի համար առավել դժվար է դառնում պայքարել կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ:
«Ծխախոտը մեծ վտանգի գործոն է նաև ոչ վարակիչ հիվանդությունների համար, որոնց թվին են դասվում սիրտ-անոթային հիվանդությունը, քաղցկեղը, շնչառական հիվանդությունները և շաքարախտը, ինչն այսպիսի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց առավել մեծ վտանգի առաջ է կանգնեցնում «Քովիդ-19»-ով վարակվելու դեպքում լուրջ հիվանդության բախվելու հարցում»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ: