Ստեղծվել են լիբերալներ ու կեղծ պահպանողականներ և փորձում են իրենց կեղծ պահպանողական գաղափարների ներքո անցկացնել իրենց օրակարգը. իմքայլական պատգամավոր
Ատելության մթնոլորտը միֆ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ վերջին շրջանում որոշ խմբերի կողմից շրջանառվում է, թե իշխանության ներկայացուցիչներն ատելության մթնելորտ են սերմանում, սակայն ինքը կարծում է, որ խորհրդարանում բարձրացված մի շարք խնդիրներ զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում։
«Պայմանականորեն ստեղծվել են լիբերալներ ու կեղծ պահպանողականներ, որոշակի գաղափարների շուրջ համախմբվել են մարդիկ և փորձում են իրենց կեղծ պահպանողական գաղափարների ներքո անցկացնել իրենց օրակարգը։ Վերջին օրերին չեն խորշում ու շահարկում են Ցեղասպանության ինստիտուտն ու Ցեղասպանության խորհուրդը։ Եթե այդքան մտահոգ եք Ցեղասպանության ինստիտուտի վիճակով, ապա այսօր այնտեղ ջրահեռացման հետ կապված լուրջ խնդիրներ կան, կարող եք այդ հարցով զբաղվել»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ քաղաքական պատվեր կատարողները խոսում են վերջնաժամկետներով։ «Մյուս կողմից նույն մարդիկ ամենօրյա ռեժիմով ատելության մթնելորտ են քարոզում, ամենօրյա ռեժիմով հայհոյում են»,-ասաց նա: