Բացօթյա սրճարաններն աշխատում են. հաճախորդների հոսքը մեծ չէ
Արտակարգ դրության ընթացքում՝ մայիսի 4-ից հանվեցին որոշ սահմանափակումներ, որոնցից մեկն այն էր, որ կարող են գործել բացօթյա ռեստորանները, սրճարանները: Tert.am-ը փորձեց ճշտել, թե ինչպես են այս ընթացքում աշխատում բացօթյա սրճարանները:
«Սեգաֆրեդո» սրճարանների ցանցից Tert.am-ին հայտնեցին, որ արդեն աշխատում են: «Հաճախորդները դիմակով չեն, բայց մենք և՛ դիմակով ենք, և՛ ձեռնոցներով ենք: Սահմանված 1.5 մետր հեռավորությունը պահպանում ենք, ալկոգելեր կան դրված սեղաններն, հաճախորդների գնալուց հետո սեղանները սպիրտով մաքրում ենք և տարածքը ժամը մեկ քլորով ախտահանում ենք»:
«Սեգաֆրեդոյից» նաև նշեցին, որ ամեն դեպքում տնտեսապես վնասներ կրել են, և բացօթյա սրահի գործելն բավարար չի կարող լինել վնասները լրացնելու համար:
«Սիննըբոն» սրճարանից ևս հայտնեցին, որ աշխատում են և շարունակում են նաև օնլայն պատվերներ ընդունել, սակայն հաճախորդների մեծ հոսք դեռ չկա: Իսկ «Սորիսո Կասկադ» սրճարանից տեղեկացրին, որ աշխատում են բացառապես այն պայմաններում, ինչը պարետատունն է ասել: «Հիմա ավելի շատ եղանակից է կախված, երբ եղանակը լավ չէ, շարժը շատ քիչ է լինում: Չենք կարող ասել, թե տնտեսապես կրած վնասը երբ կկարգավորվի, քանի որ շարժը շատ չէ, այն իրավիճակը, որը հիմա ունենք մասամբ բավարարող է»: