Իշխանության ներկայացուցիչ կանայք վերջին օրերին շեշտում են, որ ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլև՝ ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում. Լուսինե Բադալյանը դիմեց Արման Թաթոյանին
Իշխանության ներկայացուցիչ կանայք վերջին օրերին շատ են շեշտում, որ ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլ նաև կոնկրետ ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում: Այս մասին այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Արման Թաթոյանն ասաց, որ ատելությունը, բռնություն, իհարկե, անթույլատրելի երևույթներ են, և կնոջ պաշտպանությունը, մարդու մասնավոր կյանքի պաշտպանությունը, կարևորագույն հարցեր են:
Լուսինե Բադալյանը հարցրեց, թե արդյո՞ք ընդդիմադիր կին պատգամավորն իշխանության կին պատգամավորի նկատմամբ ունի առավելություն և մեջբերեց պաշտպանի հնչեցրած հետևյալ միտքը՝ խոսքը վերաբերում է կնոջը՝ այն էլ ընդդիմադիր ներկայացուցչին:
Արման Թաթոյանը նախ չհամաձայնեց այն մտքի հետ, թե իշխանության թիմի անդամները երբեք ՄԻՊ-ի կողմից պաշտպանության չեն արժանացել, եղել են իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների հետ կապված հայտարարություններ: «Ես երբևէ չեմ ասել, թե ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ: Դա իմ գործը չէ: ՄԻՊ-ի իրավասությունը ոչ բոլոր տեղերում է: Ես չեմ միջամտում քաղաքական քննարկումներին, դա իմ գործը չէ»,-նշեց նա:
Ամեն դեպքում, նա նկատեց, որ բոլորովին այլ բան է, երբ իշխանության հետ կապված ես գործ ունենում, այլ բան՝ ընդդիմության հետ: «Ինձ համար նշանակություն չունի, թե ով ում նկատմամբ առավելություն ունի, սակայն, երբ խոսքը գնում է իշխանության մասին, պաշտոնյայի մասին, ՄԻՊ-ը նրա համար չէ, որ իրականացնի այդ պաշտպանությունը: Օրենքն ասում է, որ պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին»,-ասաց նա: