Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չվաճառված հազարավոր մեքենաներ մնացել են նախկին ռազմաբազայի տարածքում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով 1946 թվականից ի վեր ավտոմեքենաների ամենացածր պահանջարկի ֆոնին հազարավոր չվաճառված ավտոմեքենաներ մնացել են Շիրնես քաղաքի նավահանգստում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Համացանցում թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարներ են հրապարակվել, որոնցում նախկին ռազմաբազայի տարածքում չիրացված հազարավոր մեքենաների շարքեր են երևում․ տեսարանը կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների խոսուն ապացույցներից է։
Աղբյուրը մանրամասնում է, որ տարածքում գտնվող մեքենաների թիվը մի քանի հազարի է հասնում, այդտեղ կարելի է գտնել ամենատարբեր մակնիշի մեքենաներ՝ MINI-ից մինչև Jaguar և Land Rover։ Լրատվամիջոցի գնահատականով՝ չիրացված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը հասնում է 35 միլիոն ֆունտ ստերլինգի։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով նոր մեքենաների պահանջարկը Մեծ Բրիտանիայում կտրուկ նվազել է՝ հասնելով 1946-ի հետպատերազմական մակարդակին: Նոր փոխադրամիջոց ձեռք բերելու պահանջը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մոտ 97 տոկոսով։ Երկրում փակվել են ավտոմեքենաների շատ խանութներ, սակայն առաքումներ, այնուամենայնիվ, տեղի ունենում են։