Քուվեյթում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման աճի ֆոնին երկրի ողջ տարածքում տեղաշարժի ամբողջական արգելք է սահմանվել. РИА Новости
Քուվեյթի իշխանությունների որոշմամբ՝ մայիսի 10-ից երկրի բոլոր շրջաններում կգործի տեղաշարժի սահմանափակում: Նոր միջոցառումը կգործի մինչև մայիսի 30 և նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակ է հետապնդում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կառավարական կապի կենտրոնին:
Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ տեղաշարժի ամբողջական արգելքի համար հիմք են հանդիսացել երկրի առողջապահության նախարարության ներկայացրած առաջարկությունները:
Չնայած այն հանգամանքին, Քուվեյթը Պարսից ծոցի երկրներից առաջինն է համընդհանուր հանգստյան օրեր սահմանել և կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժման սահմանափակումներ մտցրել, վերջին օրերին երկրում նկատվում է վարակման աճ:
Քուվեյթի առողջապահության նախարարության ուրբաթ օրվա տվյալներով՝ վերջին օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել 641 մարդու մոտ: Ընդհանուր առմամբ երկրում վարակված է մոտ 7208 մարդ: Ընդ որում, կորոնավիրուսի հետևանքով բարդացումներից այս պահի դրությամբ մահացել է 47 մարդ: