Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետները ներկայացան դատարան (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Այսօր փաստաբանական թիմը ներկայացնում է Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց միջնորդությունը երկու ամիս առաջ է ներկայացված եղել: Նա ներկայացնելով միջնորդությունը՝ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացում է տեղի ունեցել, սակայն չցանկացավ հրապարակել նրա ախտորոշումը և դիմեց դատարանին, որ եթե այդ հարցը քննարկելու լինի, ապա քննարկվի փակ ռեժիմով:
«Նախկին երեք վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստ են հանդիսանալ անձնական երաշխավորներ դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու գործում»,-ասաց նա:
Պաշտպանը նկատեց, որ գործի քննությունն իրականացվում է ձգձգումներով և դիմելով դատարանին՝ ասաց. «Երկու ամիս բացակայել եք, հիմա չեք դրսևորում առանձնահատուկ ջանասիրություն այս գործի քննության առումով, շաբաթը մեկ նիստ եք անում, հետո երկու ամսով բացակայում եք»:
Երաշխավոր ներկայացրած նախկին վարչապետները ներկայացան դատարան: