Օգոստոսի 9-ին. Բելառուսում, չնայած կորոնավիրուսին, նշանակել են նախագահական ընտրությունների օրը
Բելառուսի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն այս տարվա օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ է նշանակել: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ հաշվի առնելով երկրի համար նախագահական ընտրությունների կարևորությունը՝ պատգամավորներին սպասվելու է լուրջ և պատասխանատու կազմակերպչա-քաղաքական աշխատանք:
Ըստ Վլադիմիր Անդրեյչենկոյի՝ այս աշխատանքը կկատարվի ինչպես անմիջականորեն խորհրդարանում, այնպես էլ ընտրատարածքներում, «որպեսզի պետության ղեկավարի ընտրությունը լինի բաց, ժողովրդավարական և Սահմանադրությանը խիստ համապատասխանությամբ»:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ երկրում ամռանը պետության ղեկավարի ընտրություններ տեղի կունենան:
«Բելառուսում կորոնավիրուսի համավարակի ֆոնին նախագահական ընտրությունների հետաձգման հիմք կարող է դառնալ երկրում արտակարգ դրությունը, սակայն ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ նման բան տեղի չի ունենա»,- իր հերթին նշել էր ԿԸՀ ղեկավարը։