ՌԴ-ում ադրբեջանցի գործարարն առանց մրցույթի ավելի քան մեկ մլրդ ռուբլի արժողությամբ երկու պետական պայմանագիր է կնքել
Ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի «Կրոկուս Ինթրնեշնլ» ընկերությունն առանց մրցույթի երկու պետական պայմանագիր է ստացել Մերձմոսկվայում գտնվող «Կրոկուս Էքսպո» համալիրում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների համար 1500 մահճակալ տեղակայելու համար:
Ինչպես նշում է meduza.io կայքը, այս մասին հայտնի է դարձել լրագրողական հետաքննության արդյունքում:
Նշվում է, որ Կրասնոգորսկի թիվ մեկ քաղաքային հիվանդանոցի հետ կնքված երկու պայմանագրի ընդհանուր արժեքը 1,035 մլրդ ռուբլի է, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի գործարարին պատկանող համալիրում կորոնավիրուսով հիվանդ մեկ անձի համար մահճակալ տեղադրելն արժե 690 հազար ռուբլի:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործարքի կնքման համար հիմք է ծառայել նահանգապետ Անդրեյ Վորոբյովի՝ Մոսկվայի մարզում պատրաստվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ որոշումը: Դա հնարավորություն է տվել պայմանագրերը կնքել առանց մրցույթի հայտարարման և առանց հանրային քննարկումների:
Հատկանշական է, որ պայմանագրերը կնքվել են նրանից հետո, երբ Աղալարովը վերջերս տված հարցազրույցում բողոքել էր իրեն պատկանող Crocus Group հոլդինգի ֆինանսական բարդություններից՝ ընդգծելով, որ հոլիդինգն ամսական մոտ մեկ միլիարդ ռուբլի է ծախսում աշխատավարձերի վրա և որ ապրիլ ամսվա գումարները վճարելու միջոցներն այլևս չկան: