Անհեթեթ է մեղադրանքը, բայց առավել անհեթեթ է որպես խափանման միջոց ընտրված կալանքը. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Հայրս այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե 5 ամիս լինելով ազատության մեջ՝ ոչինչ չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, մի բան էլ երկրից դուրս է եղել, բայց վերադարձել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազության հայտարարությանը, թե Քոչարյանի ազատության մեջ մնալը կազդի դատավարության վրա:
Գնալով մարդիկ հասկանում են, թե ինչքան աբսուրդային է այս ամենը, ինչքան անհեթեթ է մեղադրանքը, բայց դրանից առավել անհեթեթ է որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Նայում ենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է: Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում 2 երիտասարդ դատախազ կարող են կանգնել ու ասել՝ այս մարդը կարող է փախչել։ Հայաստանում եք՝ դա ինչ անհեթեթ, պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող, չիմացող քայլ է, մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»:
Դիտարկմանը, թե դատախազությունից բացի տուժող կողմը ևս նշում է, որ ազատության մեջ մնալը կազդի դատավարության վրա, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ու ի՞նչ: Ապացույց կա՞ , որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ մնալը կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա»:
«Ի դեպ շատ են ասում ՝ այն մարդիկ, որոնք չեն վերադառնում, եթե ճիշտ լինեին, ապա կվերադառնային, դե այդ մարդիկ էլ, տեսնելով, թե հորս հետ ինչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունները, որ դատավորին ուղիղ հրահանգներ է գնում, թե ինչ պիտի անեն, hորս արձակած դատավորի նկատմամբ այդ քրեական գործերը, դատարանների մուտքերը շրջափակելը, Արմեն Դանիելյանի պահվածքը դատարանում, Աննա Դանիբեկյանի անհեթեթ որոշումները. չգիտեմ՝ այսքանը տեսնելով կուզե՞ն մարդիկ վերադառնալ»,-ասաց նա:
Լևոն Քոչարյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ է սպասվում այսօրվա դատական նիստից հետո: «Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավորը, որովհետեւ էլ բան չի մնացել, որից իրենք կառչեն»։