Դանիայում հունիսի սկզբին կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների մեծ մասը կչեղարկվի, կբացվեն թանգարանները, կինոթատրոնները և հանրային այլ վայրերը
Դանիայի քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են հունիսին կորոնավիրուսի համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները չեղարկել, մասնավորապես՝ բացել թանգարանները, կինոթատրոնները և հասարակական այլ վայրերը, հայտնում է տեղական Local հրատարակությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում հունիսի 8-ից սահմանափակումների չեղարկման «երրորդ փուլը» կսկսվի․ կենդանաբանական այգիները, լեզուների ուսուցման դպրոցները, թանգարանները, թատրոնները, պատկերասրահները, կինոթատրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը, ամառային խնջույքներն ու մինչև 50-հոգանոց միջոցառումները նույնպես թույլատրելի կլինեն։
Սահմանափակումների կրճատման «չորրորդ փուլը» կմեկնարկի օգոստոսի սկզբին․ այդ ամիս իշխանությունները կվերաբացեն համալսարանները և ուսումնական այլ հաստատությունները, գիշերային ակումբները, մարզադահլիճները, ջրաշխարհներն ու լողավազանները: Մինչև օգոստոսի վերջ գործող միակ սահմանափակումն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ միջոցառումների արգելքն է:
Մայիսին նախկինի պես սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ լինել, մասնավորապես՝ կպահվեն սոցիալական հեռավորությունը պահելու մասին պահանջները։
Մայիսի 11-ից երկրում սահմանափակ ռեժիմով կբացվեն խանութներն ու առևտրի կենտրոնները։ Մայիսի 18-ից դպրոցները, գրադարանները, սրճարաններն ու ռեստորանները կսկսեն աշխատել։ Օտարերկրացիների մուտքը Դանիա առնվազն մինչև հունիսի 1-ն արգելված կլինի։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Դանիայում հայտնաբերվել է վարակման 10 083 դեպք, 514-ը՝ մահվան ելքով։