Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին
Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին և պատվաստանյութի ստեղծմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը։
«Այսօր Ավստրալիան 352 միլիոն ավստրալական դոլար (227 ԱՄՆ դոլար) կհատկացնի COVID-19-ի դեմ պայքարին և պատվաստանյութի ստեղծման համաշխարհային ջանքերին։ Մենք 15 միլիոն ավստրալական դոլար (9,7 միլիոն ԱՄՆ դոլար) ենք տրամադրում համավարակի պատրաստվածության ոլորտում նորարարությունների կոալիցիային և նոր ախտորոշման հիմնադրամին՝ օգնություն ցուցաբերելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և դրա կանխարգելման գործում»,- հայտարարել է Մորիսոնը։
Բացի այդ վարչապետը ընդգծել է, որ Ավստրալիան պատրաստվում է 337 միլիոն ավստրալական դոլար տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութի, կանխարգելման, թերապիայի, շնչառական հիվանդությունների գծով գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։
Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6847 դեպք, որից 96-ը՝ մահվան ելքով։ Համավարակի սկզբից երկրում հիվանդությունից ապաքինվել է 5886 մարդ։