Մինչև մայիս՝ կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է կարելի է անել. Սասուն Միքայելյանը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները կրկնապատկելու մասին (տեսանյութ)
Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչև 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգևավճարներ տանք, որովհետև մարդ չի մնա: Այս մասին այսօր ասաց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Հայրենական մեծ պատերազմի վտերանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցին:
«Նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքում, կուզենայի մեր կառավարությունը դրան ուշադրություն դարձներ»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ արցախյան ազատամարտի վետերաններն էլ նպաստավոր վիճակում չեն և ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այս նախագծի ընդունումը՝ մեծ տրագեդիա չէ: «Եթե մինչև մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է՝ կարելի է անել»,-ասաց նա:
Նախագիծը օրակարգ չընդգրկվեց և ստացավ 39 կողմ ձայն, 77 դեմ և երկու ձեռնպահ: Նշենք, որ նախագծով առաջարկվում էր, հաշվի առնելով հաղթանակի 75 տարին է լրանում, պատվովճարը կրկնապատկեր և սահմանել 200 հազար դրամ, և նրանց թիվն է 276 հոգի:
«Իմ քայլը» խմբակցությունից Արփի Դավոյանը նշեց, որ նախագիծը բավականին քննարկվել է առողջապահության և սոցիալական հացրերի մշտական հանձնաժողովում. իրենք գտնում են, որ կառավարության որոշմամբ է այդպիսի որոշումները կայացվում և օրենքով նման գումարներ ամրագրելը ճիշտ չեն համարում: Նա հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այս տարի հաղթանակի 75 ամյակի առիթով 300 հազար դրամ է տրամադրվելու: