ԱՄՆ կառավարությունը կանխատեսել է, որ հունիսի 1-ի դրությամբ երկրում օրական կգրանցվի կորոնավիրուսով վարակման 200 000 և մահվանը 3000 դեպք
ԱՄՆ կառավարության նոր հաշվետվության համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի թիվը հունիսի 1-ի դրությամբ կաճի օրական գրեթե 200 000-ով, մինչդեռ մահվան դեպքերն օրվա կտրվածքով կհասնեն 3000-ի։ Washington Post-ի ձեռք բերած փաստաթղթի պատճեի համաձայն՝ մայիսի 14-ից ԱՄՆ-ում հիվանդության դեպքերի կրուկ աճ կարձանագրվի։
Պարբերականը նկատում է, որ հայտնի չէ՝ արդյոք Առողջապահության և սոցիալական ծառայությունների և Ազգային անվտանգության գերատեսչությունների տարբերանշանով հաստատված փաստաթուղթը կազմվել է ուժեղացված թեստավորման, որոշ նահանգների վերաբացման, հիվանդության դեպքերի և մահվան դեպքերի թվի աճի կամ այդ գործոնների համադրության վերլուծությամբ, թե՝ այլ տվյալների հիման վրա։
Կանխատեսումներն արված են մինչև հունիսի 1-ը, սակայն փաստաթղթի համաձայն՝ հիվանդության և մահացությունների ամենօրյա դեպքերի կտրուկ աճ կարձանագրվի հունիսի 1-ից հետո։
Սպիտակ տունը երկուշաբթի հայտարարություն է տարածել առ այն, որ լրատվամիջոցներում «արտահոսած» փաստաթուղթը «Սպիտակ տան փաստաթուղթ չէ»:
«ԱՄՆ-ի փուլային վերաբացման վերաբերյալ նախագահի որոշումը գիտականորեն հիմնավորված մոտեցում է, որի հետ համակարծիք են դաշնային կառավարությունում առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտի առաջատար փորձագետները։ Ամերիկացիների առողջությունը մնում է նախագահ Թրամփի գլխավոր առաջնահերթությունը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում:
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ փաստաթուղթը չի փոխի աշխատանքը վերսկսելու Սպիտակ տան ծրագրերը:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1 212 955 դեպք, որոնցից 69 925-ը՝ մահվան ելքով։