Նման խոսքերի համար ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի. Կարեն Վարդանյանը՝ Թորոսյանի գրառման մասին
Որևէ քայլ չեմ պատրաստվում անել Արսեն Թորոսյանի հայտարարությունների համար: Նման խոսքերի համար ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը անդրադարձել էր Կարեն Վարդանյանի այն հարցազրույցին, որտեղ Վարդանյանը նշել էր՝ կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․եկել է վակցինա ծախելու ժամանակը:
«Ես ընդամենն օգտվել եմ իմ ազատ խոսքի իրավունքից, և նախարարի այն խոսքը, թե ցանկանում է՝ չվարակվեմ կորոնավիրուսով, ցույց է տալիս, որ նա բժիշկ և նախարար լինելու իրավունք չունի: Նրանց քայլերն այնպես են դասավորված, որ քայքայում է տնտեսությունը»,- ասաց նա:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ ամեն մարդ ինքն է որոշում իր բարոյական շրջանակը, և միմյանց քննարկելու կարիք չկա: Նա նշեց, որ նախարարի նման հայտարարությունները չեն համապատասխանում իր պաշտոնին, սակայն այդ մասին առաջնահերթ պետք է մտածի այն մարդը, որ Արսեն Թորոսյանին նախարար է կարգել:
Հարցին, թե արդյո՞ք Վարդանյանը մնում է նույն կարծիքին, թե կորոնավիրուսը համաշխարհային բլեֆ է, նա պատասխանեց՝ անշուշտ և խոսելով իր այն տեսակետի մասին, թե վակցինա ծախելու ժամական է՝ դիտարկեց, որ նախարարը կորոնավիրուսի տարածումից հետո վակցինա ստանալու կոչեր էր անում, սակայն նրա համար անհասկանալի է, թե նախարարն ինչպես էր այդ երևույթը պատկերացնում: