Կորոնավիրուսի համավարակի ֆոնին չինացիները սկսել են ավելի շատ պաղպաղակ ուտել
Չինաստանում կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ ավելացել են պաղպաղակի վաճառքի ցուցանիշները։ Վերլուծաբանների կարծիքով՝ պաղպաղակի մեծ պահանջարկը կապված է ինքնամեկուսացման ընթացքում չինացիների խոհարարական նախասիրությունների փոփոխության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մինչ այժմ Չինաստանում պաղպաղակի վաճառքի 80 տոկոսը մանրածախ առևտրի կետերի միջոցով իրականացվել է ամռան սեզոնին։ Կորոնավիրուսի հետ մեկտեղ, սակայն, իրավիճակը փոխվել է․ մարդիկ սկսել են պաղպաղակ ուտել տանը՝ այն համացանցի միջոցով պատվիրելով․ սա թույլ է տվել արտադրողներին պաղպաղակի վաճառքն ավելացնել անգամ ձմեռային սեզոնին՝ չնայած առևտրի կենտրոնների փակվելուն։
Այսպիսով՝ Չինաստանում ամերիկյան Haagen Dazs ընկերության արտադրանքի վաճառքի ծավալներն առաջին եռամսյակում ավելացել են՝ չնայած ցանցի ավելի քան 200 խանութի փակվելուն: Այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքի բաշխման համար համացանցն են օգտագործել, վաճառքի աճի բարձր ցուցանիշներ են գրանցել։ Մասնավորապես՝ Chicecream պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերության վաճառքը հունվար-մարտ ժամանակահատվածում ավելացել է մոտ 1000 տոկոսով։
Այսօր պաղպաղակի չինական շուկան աշխարհում ամենախոշորն է համարվում և 8,5 միլիարդ դոլար է գնահատվում։